2022 թ-ին Հայաստանում շուրջ 3700 երեխայի մոտ էպիլեպսիա է ախտորոշվել

Աննա Անտոնյան Մարտ 27, 2023

Մարտի 26-ը Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայաստանում երեխաներին անհրաժեշտ դեղորայքի մեծ մասը տրվում է անվճար։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում շուրջ 3700 երեխաների մոտ գրանցվել է էպիլեպսիա հիվանդություն։ Տեղեկությունը մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանը։
Նա նշեց, որ «Արաբկիր» բժշկական համալիրում գործում է Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսեր, որտեղ հսկվում են էպիլեպսիայով հիվանդ երեխաները։
Գևորգյանն ընդգծեց, որ երեխաների մոտ դիտվում են փոքր տարիքում հիվանդության անցողիկ տարատեսակներ։
«Դիսպանսերում առկա է էպիլեպսիայով հիվանդ երեխաներին անհրաժեշտ դեղորայքի մեծ մասը, որը տրվում է անվճար։ Դեղորայքի մի մասը տրվում է պետպատվերի շրջանակում, մյուս մասը դիսպանսերի գործընկերների կողմից»,- ասաց մասնագետը` նշելով, որ անհրաժեշտ հետազոտությունների մի մասը ևս կատարվում է պետպատվերի շրջանակում (թանկարժեք հետազոտությունները դեռևս ներառված չեն դրանում)։
«Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ (հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է էպիլեպսիայով և այլ ծանր նյարդաբանական հիվանդություններով տառապող երեխաների խնդիրներով) Ելենա Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենք զբաղվում են բոլոր այն խնդիրներով, որով ի վիճակի չէ զբաղվել պետությունը։
«Մենք երեխաներին ապահովում ենք այն պրեպարատներով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Մենք մեր հովանավորների օգնությամբ ձեռք ենք բերում այդ դեղորայքը և տրամադրում շահառուներին»,-ասաց նա։
Թյուր կարծիք կա, որ էպիլեպսիան միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, այնինչ կարող է առաջանալ մի շարք պատճառներով, այդ թվում` իմուն համակարգում առաջացած խնդիրներից։ Էպիլեպտիկ նոպաները կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի վայրկյան տևող աննկատ դրվագներից մինչև ավելի երկար տևող ցնցումային նոպա։ Ցնցումների պատճառով հիվանդները կարող են ստանալ բազմաթիվ վնասվածքներ, կոտրվածքներ։

Կիսվել