2022-ին Երեւանում յուրաքանչյուր 2,5 ամուսնությանը 1 ամուսնալուծություն է բաժին ընկնում. Սա սոսկալի ցուցանիշ է. Մանուկյան

Աննա Անտոնյան Ապրիլ 19, 2023

Հայաստանում ծնելիությունը ցածր է. մենք ունենք ներքին չիրացված ներուժի խնդիր, այսինքն մենք ոչ թե պետք է մտածենք, թե որ երկրից մարդ բերենք, որ բնակչությունը շատանա, ոնց անենք, որ կանայք շատ երեխաներ ունենան, այլ պետք է միջավայրը, մթնոլորտը փոխենք, որ մարդիկ մնան երկրում եւ երեխաներ ունենան: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույցը:

«Այն, որ մեր երիտասարդներն ավելի ու ավելի ուշ են ամուսնանում, դա միջազգային միտում է, բայց մենք ունենք շատ լուրջ ամուսնալուծությունների խնդիր: Օրինակ, 2022-ին Երեւանում յուրաքանչյուր 2,5 ամուսնությանը մեկ ամուսնալուծություն էր բաժին ընկնում: Սա սոսկալի ցուցանիշ է: Երեւանից հետո երկրորդ տեղում Լոռին է: Լավագույն ցուցանիշը ունի Գեղարքունիքը»,-ասաց նա:

Մհեր Մանուկյանի խոսքով, երկրորդ դաշտը առողջապահությունն է, որտեղ բազմաթիվ տեղեր կան, որ կարելի է բարելավել. «Մասնավորապես, սրտանոթային հիվանդությունները մահվան պատճառների մեջ առաջատար են: Եթե կարողանանք հասնել նրան, որ մեր երիտասարդներն ավելի առողջ կյանք վարեն, արդյունքում կունենանք առողջ ու երկարակյաց սերունդ:

Հաջորդ ոլորտը սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման հարցն է:

Եթե մենք ունենայինք բնական հարաբերակցություն ծնված տղաների եւ աղջիկների, մեր պարզ վերարտադրության շեմը 2.1-ից կիջներ, ավելի քիչ երեխա պետք կլիներ ունենալ, որպեսզի պարզ վերարտադրվենք»:

Հաջորդը, ըստ նրա, այն է, որ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր մարդիկ ինքնասպանության փորձ են անում. «Սա նշանակում է, որ մենք որպես հասարակություն ունենք լուծելու խնդիր: Նման փորձ անողները հիմնականում 30-60 տարեկաններն են, հիմնականում գործազուրկ: Այսինքն եթե մարդիկ ունենային աշխատանք, նախ չէին արտագաղթի, չէին ընկնի նման ծանր իրավիճակների մեջ, շատ մեծ հավանականությամբ կունենային ընտանիքներ եւ երեխա կունենային»:

Կիսվել