13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնում։
Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն՝ պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։
Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։
2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։
Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչև 14 տարեկան չեմպիոնները։
Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։