Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը

Աննա Անտոնյան Հունվար 24, 2022

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանին իր տան բակից ինչ–որ անձինք տարել են անհայտ ուղղությամբ։

«Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։ Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ»,– գրել է փաստաբանը։

«Սպուտնիկ Արմենիա»-ն կապ է հաստատել Բենիկ Գալստյանի հետ, վերջինս լրատվամիջոցին ասել է, որ մոտ 1, 5 ժամ է՝ չի կարողանում որևէ լուր տանալ, թե որտեղ են տարել Սայաթ Շիրինյանին։

«Իրավապահ համակարգի մի քանի կառույց մտա, դեռևս տեղեկություն չունեմ։ ԱԱԾ եմ մտել, ոստիկանության կենտրոնական ապարատ, ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, այս տեղերում դեռևս տեղեկություններ չունեն»,– ասել է Գալստյանը։

Փաստաբանը հայտնել է, որ ներկա պահին որևէ ենթադրություն չունի, թե ինչի հետ կարող է կապված լինել իր պաշտպանյալի հետ կատարվածը։

 

Կիսվել